3 փետրվարի 2009 - 15:49 AMT
Ռիչարդ Գիրագոսյան. ԱՄՆ հրեական լոբբին, ամենայն հավականությամբ, կդադարի օգնել Թուրքիային
ԱՄՆ հրեական լոբբին, ամենայն հավականությամբ, կդադարի օգնել Թուրքիային: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ACNIS) նոր տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությունը կարող է Հայաստանի օգտին գործել: «ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մինչեւ ապրիլը դեռ երկու ամիս ունի, որպեսզի վարչակազմը կարողանա իր կարծիքը ձեւավորել հայկական հարցի վերաբերյալ: Բացի այդ, ԱՄՆ հզոր հրեական լոբբին, հավանաբար, կդադարի օգնել Թուրքիային, ինչը դրականապես կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա»,- ասաց նա: Ռիչարդ Գիրագոսյանը նաեւ նկատեց, որ դրա համար կարող է պատճառ հանդիսանալ այն, որ Թուրքիան շատ ակտիվ կերպով ներգրավվել է արաբա-իսրայելական հարաբերությունների մեջ եւ հանդես եկել Իսրայելի դեմ:

Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Էրդողանը հայտնեց, որ իր արարքը բխեց այն բանից, որ Իսրայելի նախագահին ելույթի համար հատկացրեցին 25 րոպե, մինչդեռ իրեն` ընդամենը 10-15 րոպե:

Ավելի վաղ Թուրքիան կտրուկ հակաիսրայելական դիրքորոշում բռնեց Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունից հետո` Իսրայելին մեղադրելով խաղաղ բնակիչների սպանության մեջ: