3 փետրվարի 2009 - 19:10 AMT
Ամերիկայի հրեական կազմակերպությունները կարող են օժանդակել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը
Ամերիկայի հրեական կազմակերպությունները կարող են վերանայել իրենց դիրքորոշումը եւ օժանդակել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: «Պետք չէ գերագնահատել ԱՄՆ հրեական լոբբիի ազդեցությունը: Բազմաթիվ հրեա-ամերիկյան կազմակերպություններ, այդ թվում նաեւ Հակադիֆֆամացիոն լիգան (ADL), արդեն որոշել են չօժանդակել Թուրքիային հայկական հարցում»,- հայտնեց Անկարայում ISRO/USAK Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար Սեդատ Լաչիները:

Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, Թուրքիայում քիչ մարդ կա, ով հավատում է, որ հրեական լոբբիի օժանդակությունից զրկվելը կարող է անդրադառնալ ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վրա: «Ապրիլին Բարակ Օբամայի կողմից «ցեղասպանություն» տերմինն օգտագործելու հավանականությունը բարձր է: Բայց եթե գործը հասնի ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցի վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, ինձ թվում է, որ ԱՄՆ վարչակազմը, ամենայն հավականությամբ, կհետեւի իր ազգային շահերին»,- հայտնեց Լաչիները:

Թուրք փորձագետի խոսքով, հայկական հարցը թուրք-ամերիկյան հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում: «Այդ հարցը ծագում է ամեն անգամ, երբ խնդիր է առաջանում Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ: Այն երկկողմ հարաբերությունների կենտրոնում էր գտնվում նաեւ մի քանի տարի առաջ` թուրք-ամերիկյան հարաբերություններում իրաքյան ճգնաժամի ժամանակ»,- ընդգծեց Լաչիները:

Միեւնույն ժամանակ ISRO/USAK Միջազգային կենտրոնի ղեկավարը ընդգծեց, որ ապրիլի 24-ին Բարակ Օբամայի կողմից «ցեղասպանություն» տերմինն օգտագործելը դժվար թե ցնցող իրադարձություն դառնա թուրք ժողովրդի համար: «Թուրք հասարակությունը արդեն նորմալ է վերաբերվում նրան, որ ԱՄՆ նոր վարչակազմը կարող է անել այն, ինչ չարեց նախորդ վարչակազմը: Ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ընդգծեց Լաչիները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: ԱՄՆ հրեական կազմակերպություններն իրենց հերթին կտրուկ քննադատության ենթարկեցին Թուրքիայի վարչապետի այդ արարքը: Հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները Էրդողանի արարքը բնութագրեցին որպես «խայտառակ արարք, որը կարող է օրինակ դառնալ Իսրայելի եւ հրեական ժողովրդի դեմ բռնության հետագա գործողությունների համար»: