4 փետրվարի 2009 - 14:43 AMT
Թուրքիայում դժգոհ են «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակների դեմ գործ չհարուցելու դատախազության որոշումից
Թուրք հասարակության ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակների դեմ գործ չհարուցելու Անկարայի դատախազության որոշումից: Նրանք հայցով դիմել են Անկարայի Սինչան մարզի դատարան` հայտարարելով, որ դատախազությունը մանրակրկիտ հետաքննություն չի վարել, եւ արշավի նախաձեռնողները նույնիսկ չեն հարցաքննվել, հաղորդում է Anatolian Agency-ն:

«Հայեր, ներե'ք մեզ» կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ արդեն հավաքել է շուրջ 30 հազար ստորագրություն: Արշավի նախաձեռնողներն են շուրջ 200 հայտնի թուրք ակադեմիկոսներ, լրագրողներ, գիտնականներ ու գրողներ:

Հունվարի սկզբին Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել հայ ժողովրդից ներողություն խնդրելու ակցիայի գործով, ղեկավարվելով Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «թուրք ազգին վիրավորելու» մասով: Սակայն Անկարայի դատախազը մերժել է նախաձեռնողներին քրեական պատասխանատվության կանչելու պահանջը: «Դատախազությունը որոշեց, որ հարկ չկա քրեական գործ հարուցել այդ անձանց հանդեպ այն հիման վրա, որ ժողովրդավարական հասարակության մեջ խոսքի ազատությունը ենթադրում է նաեւ հակառակ կարծիքի արտահայտում»,-ասվում է Անկարայի դատախազության հայտարարության մեջ: