Չթթված գերազանցիկների կենացը․ Ինչպես բարձր գնահատական ստանալ՝ չազդելով կուրսեցիների նյարդերին

Չթթված գերազանցիկների կենացը․ Ինչպես բարձր գնահատական ստանալ՝ չազդելով կուրսեցիների նյարդերին

PanARMENIAN.Net - Համալսարանում սովորելու և այն պարտադիր կարմիրով ավարտելու ֆետիշը սովորաբար ուսանողների մեջ ներարկվում է․ նրանք ու հատկապես առաջինկուրսեցիները երիտասարդ են, ավյունով, եռանդուն (երբեմն ոչ այնքան), ու հաճույք են ստանում պրոցեսից։ Ուրեմն, պրոցեսի մասին. փորձված խորհուրդներ՝ ցածր ու բարձր միավորներով բուհ ընդունվածներին, որոնք ուզում են գերազանցիկ լինել, բայց ոչ մայրիկի ընկերուհու աղջկա /տղայի պես։

Եվ որովհետև գերազանցիկ լինելուն էլ չափ ու ձև կա․ առաջարկում եմ համատեղել կրթական պրոցեսի մասին բարեկամների (մեր երեխեն բացարձակ սովորող ա) և ձեր (ինչ հետաքրքիր բան անել այսօր) մոտեցումները․ կարող եք չվերցնել թուղթ ու գրիչ ու մի մատ խորքից գրառումներ չանել։

Ինչպես բարձր միավոր ստանալ մի առարկայից, որն ատում եք առավոտը շուտ արթանանլու չափ

Բուհական ծրագրում հազար ու մի բան կարող է պատահել, որ ձեր սրտով չէ․ ահավորներից մեկը դպրոցում արդեն անցածը կրկնելն է, երկրորդը՝ հումանիտար ֆակուլտետում ճշգրիտ գիտություն (և հակառակը) անցնելը։ Սկսենք երկրորդից. նման առարկաների հետ վարվեք այնպես, ինչպես առաջարկում է երգչուհի Բեյոնսեն (երբ կյանքը լիմոն է տալիս, լիմոնադ սարքիր)։ Գտեք կիսամյակային ծրագրում գոնե մեկ թեմա, որ այս կամ այն կերպ կարող եք բևեռել ձեր հիմնական մասնագիտության վրա, կարդացեք այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում, գտեք գրքեր, արեք ծաղկաքաղ, սլայդ պատրաստեք ու դասից առաջ մոտեցեք դասախոսին և ասեք, որ [անակնկալ ունեք] նյութ եք պատրաստել օրվա թեմայի վերաբերյալ։ Հավատացեք՝ նա ձեզ կիսամյակի վերջում կհիշի, եթե անգամ կուրսում առնվազն 3 նմանակ ունեք, և անպայման կգնահատի բարձր՝ այն դարակազմիկ նորարարության համար, որ ձեզնից 2 ժամ էր պահանջել, ու հաճելի էր եղել նաև հենց ձեզ։ Արդյունքում դուք չսիրած առարկայի գոնե մեկ թեմայի մասին գիտելիք կունենաք, և ոչ՝ գլխում ցրված անգիր պարբերություններ։ Բայց սա մի «վտանգ» ունի՝ գուցե հասկանաք, որ չսիրած առարկան շատ էլ հետաքրքիր է։ Դպրոցում անցածը համալսարանում կրկնելու մասով ոչ մի խորհուրդ չկա․ դա իրոք սարսափելի է։ Բազմազանության համար կարող եք այդ թեմայով նյարդայնանալ մոտ 30 րոպե, ապա անցնել բուն գործին՝ սովորելուն։

Ինչպես խառնել դասախոսի պլաններն ու տորթի վրա բալ դնել

Դասախոսը սովորաբար լսարան է մտնում արդեն պատրաստի կիսամյակային պլանով, որտեղ, ըստ տրամաբանության՝ չեն կարող տեղ գտնել ուստարվա ընթացքում ձեր մասնագիտական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները։ Դեպքերի մեծամասնությունում դուք դրանց կողքով անցնելու եք, թե անձնական հետարքրվածություն չլինի։ Այսպիսով, եթե փնտրում եք մեկին, ում պլանները խառնելու համար կարող եք բարձր գնահատականի ու գովասանքի արժանանալ (ազնիվ լինենք՝ մեկ-մեկ կարող եք նաև չարժանանալ), ապա դասախոսը հենց այդ մարդն է։ Ձեր մասնագիտության հանդեպ արտալսարանային հետաքրքրությունը հնարավորություն է տալու «իրական ժամանակում» հասկանալ դասին լսած փաստը, տեսությունը։ Այդպիսով՝ դուք, օրինակ, տեղյակ եք լինելու ոչ միայն 30 տարի առաջվա «թարմ» տեսությունից, այլև հասկանալու ու բացատրելու եք, թե ինչպես է այն գործում, կամ գործում է, թե ոչ հենց հիմա, հենց ձեր մասնագիտության մեջ։ Մի խոսքով՝ տորթի վրա հասած, կարմիր, պսպղուն բալ եք դնելու՝ արժանանալով նվազագույնը գերազանց գնահատականի, կամ գոնե դասախոսը նկատելու է, որ ձեր գլուխն աշխատում է։

Ինչպես պատրաստվել կիսամյակային քննություններին ու չվախենալ «Տոմս քաշի» արտահայտությունից

Եթե պատկերավոր խոսենք՝ լավ պատրաստվելու դեպքում ձեր քննությունները նման են լինելու մի քանի ամիս հյուրախաղեր պլանավորած արտիստի առաջին բեմելին․ այնքան ասելիք եք ունենալու /հանդիսատեսին/ դասախոսին, որ առնվազն երեք անգամ հորդորելու են լռել և ստուգման գրքույկ տալ։ Համաձայնեք առաջին անգամից։ Ամբողջ կիսամյակում անցածը ծավալուն է ու բարդ՝ հիշելու, վերարտադրելու համար։ Մի գիշերում քննությանը պատրատսվելու լեգենդը լավն է, երբ ուրիշինն է։ Ձեր սեփական գիտելքի հետ այդպես մի վարվեք․ մասնատեք ու տիրեք՝ երկարաժամկետ մոտեցմամբ։ Այդպես դուք նախ սովորում եք, երկրորդ՝ ինքնավստահ եք լինում, երրորդ՝ քննությունից առաջ ժամանակ եք ունենում «թեմաների տորթի» վրա սիրելի զույգ բալը դնելու։ Ի դեպ՝ բալերի մասին՝ բարձր միավորներ ստանալու համար չարժե Աճառյանի բառարանից ընտրել «ճարճատուն, որոտնդոստ և կթղա» բառեր ու նախադասություններ կազմել՝ տանջելով ձեր լեզուն ու մյուսների ականջները․ այդպես անում է մայրիկի ընկերուհու աղջիկը կամ տղան։

Եկեք խոստավանենք, որ ՀՀ որոշ բուհերում ու ֆակուլտետներում ուսանողներին կարող են պահել միայն սովորելու հանդեպ մեծ սերը, մասնագիտության հանդեպ աչքերում վառվռուն կայծակները կամ ծնողների սաստող հայացքը։ Եթե սկսում եք հասկանալ, որ մի բան այն չէ, փորձեք անել այն, ինչ կարծում եք, որ «հենց այն է»։ Ի վերջո՝ կյանքի ուրիշ ոչ մի շրջանում մենք այնքան ազատ չենք լինելու փորձելու, սովորելու, սխալվելու, տապալելու, սիրահարվելու, հաղթանակելու, բողոքելու, կարդալու, գերազանցիկ լինելու կամ չլինելու և օրը երկու ձեթոտ կարկանդակ ուտելու համար։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---