Օժանդակություն ռեստորանային բիզնեսին՝ պահպանելու աշխատատեղերը

Օժանդակություն ռեստորանային բիզնեսին՝ պահպանելու աշխատատեղերը

PanARMENIAN.Net - Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։ Այդ մասին ասվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հանդիպմանը։

Դրան մասնակցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը և նախագիծն այժմ պատրաստման փուլում է: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող օժանդակության մեխանիզմների վերաբերյալ:

Քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

«Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով:

Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծառայությունների մատուցման ոլորտի շարունակական զարգացման անհրաժեշտությունը և հորդորել բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով, ինչը կարևոր նշանակություն ունի նաև համայնքներում մթնոլորտի բարելավման հարցում:

Ռեստորանային ոլորտի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության դիմաց՝ պահանջելով, որ լիարժեք վերաբացվեն ռեստորաններն և հանդիսությունների սրահները, որտեղ մարդաշատ միջոցառումներն արգելված են արտակարգ դրության պատճառով: Ռեստորանային և հանդիսությունների ոլորտում մոտ 250,000 մարդ է աշխատում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---