4 փետրվարի 2009 - 17:11 AMT
Մոսկվայում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին քննարկվում է արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման հարցը
Փետրվարի 4-ին Մոսկվայում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Արտգործնախարարների Խորհրդի նիստը: ԱԳՆ ղեկավարների հանդիպման հետ կետեղ կայացել է նաեւ ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ, որին Հայաստանից մասնակցեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բազդասարյանը, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների Խորհրդի գործող նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած նիստին քննարկվեցին 2008թ. դեկտեմբերին Ղազախստանում տեղի ունեցած ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես` արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման հետ կապված հարցերը:

Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները, պաշտպանության նախարարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարներն անդրադարձան նաեւ Կազմակերպության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցերին:

Կայացած նիստի արդյունքների ամփոփումից հետո նախարար Նալբանդյանը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեների անունից նիստի արդյունքները ներկայացրեց ԶԼՄ ներկայացուցիչներին: