Նախարար․ Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու աշխատանքը կկասեցվի

Նախարար․  Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու աշխատանքը կկասեցվի

PanARMENIAN.Net - Ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները, հայտնել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Սպիտակ Շորժան» այն հանգստի գոտին է, որտեղ օրեր առաջ խնջույքի էր մասնակցել պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Համացանցում խնջույքից լուսանկարներ էին հայտնվել, որտեղ երևում էր, որ պատգամավորն ու մյուսներն առանց դիմակի էին։ Սարգսյանը տուգանվել էր, իսկ ժամանցի վայրը 2 շաբաթով փակվել՝ հակահամաճարակային նորմերը չպահպանելու համար։ Լուրեր կային, թե ժամանցի վայրը պատգամավորին է պատկանում, սակայն դրանք նա հերքել էր։

«Մենք գնալու ենք այդ քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։ Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։ Երաշխավորում եմ, հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամ»,-գրել է Պետրոսյանը։

Նախարարը նշել է, որ հանդիպել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ և քննարկել Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը, ձկնագողության դեմ պայքարի հարցը։ Նախարարը հայտնել է, որ ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը, ինչից հետո ֆինանսական առողջացման ծրագիր կմշակվի։

Նրա խոսքով՝ ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռնվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ։

Պետրոսյանը ՇՄՆ նախարար է նշանակվել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո։ Գրիգորյանը հրաժարական էր տվել մայիսի 5-ին։ Մինչ այդ ՇՄՆ նորանշանակ նախարարը Կոտայքի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---