ՀԲՃ․ «Լիդիանի» պահնորդները հանել են Ամուլսարի պահապանների վագոն-տնակները, պետք է մոբիլիզացվել

ՀԲՃ․ «Լիդիանի» պահնորդները հանել են Ամուլսարի պահապանների վագոն-տնակները, պետք է մոբիլիզացվել

PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիայի» վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը, հայտարարել են Հայկական բնապահպանական ճակատից՝ նշելով, որ այդ քայլը խաղաղ դիմադրության իրավունքի նկատմամբ անընդունելի ոտնձգություն է և իրենք մոբիլիզացիա են ակնկալում։

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։

Ըստ բնապահպանների՝ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում:

«Հիմա ամբողջ Հայաստանից մոբիլիզացիա է անհրաժեշտ: Խնդրում ենք, հրատապ եկեք Գնդեվազ գյուղի մոտի Ամուլսարի II դիմադրական կետի մոտ: Մեր ներկայությունը կարող է բառի բուն իմաստով կյանքեր փրկել: Խաղաղ, ոչ բռնի պայքարի շնորհիվ այս խնդիրը վերջապես պետք է դրական հանգուցալուծում ստանա: Պետք է կանխել որևէ բռնության հնարավորություն։ Սա վճռորոշ պահ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բնապահպանները կոչ են արել գնալ Երևանում ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության, ԱԺ-ի շենքերի մոտ և «պահանջել, որ ձեռքերը ծալած չնստեն»:

«Պատգամավորներն այսօր պիտի լինեն այնտեղ և պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը: Լիդիանի ունեցած ՇՄԱԳ թույլտվությունը պետք է, վերջապես, ուժը կորցրած ճանաչվի առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հաստատված աղաղակող բազմաթիվ փաստերի հիման վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ չդադարող քննարկումները հատկապես սրվել են 2019-ի օգոստոսից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ հանքի չշահագործման որևէ իրավական հիմք չկա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---