Մարության․ Մաշտոցի պուրակը կառուցապատողի վարձակալությունից հետո Երևանին է մնալու, դա լավագույն լուծումն էր

Մարության․ Մաշտոցի պուրակը կառուցապատողի վարձակալությունից հետո Երևանին է մնալու, դա լավագույն լուծումն էր

PanARMENIAN.Net - Երևանի Մաշտոցի պուրակում քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ քաղաքային նախկին իշխանության օրոք սեփականության իրավունքով վարձակալության տրված 1048 քմ տարածքը, 277 քմ և 17 քմ տարածքները վերադարձվել են մայրաքաղաքին, կառուցապատողին տրվել է այնպիսի սեփականության իրավունք, որով տարածքը վարձակալությունից հետո Երևանին է մնալու։ Քաղաքապետը նշել է, որ այդ որոշումն օրենքի սահմանում լավագույն տարբերակն է համայնքի համար։

Մարությանն անդրադարձել է վերջին օրերին ակտիվիստների կողմից բարձրաձայնվող հարցին, թե Մաշտոցի պուրակում կառուցապատողը 4 հաստաբուն ծառ է հատել։ Պուրակում կառուցապատման թեմայով քաղաքապետը որոշ մանրամասներ է հայտնել։

Մարությանը նշել է, որ Մաշտոցի պուրակում կա մի սրճարան, որն ուներ 277 քմ որպես սեփականության իրավունք՝ գրանցված Կադաստրով, և 17 քմ կրկին օրինական՝ Կադաստրով գրանցված սեփականություն՝ որպես տաղավար։

«2018-ի մայիսի 16-ին (Երևանի այն ժամանակվա քաղաքապետ,- խմբ.) Տարոն Մարգարյանի կողմից որոշում է ստորագրվել, որով մինչ այդ 300 քմ-ից ավելի վարձակալությունը դառնում է 1048 մետր և դա ֆիքսում է 277 քմ սեփականությունը, այդ հողի մեջ ֆիքսում է նաև 17 քմ իր սեփականությունը որպես տաղավար, և կառուցապատողը վարձակալվում է այն մինչև 2040 թվականի դեկտեմբեր»,- բացատրել է քաղաքապետը։

Մարությանի խոսքով՝ իր որոշմամբ 1048 քմ-ն դարձվել է 300 քմ, 277 և 17 քմ սեփական գույքի սեփականության իրավունքը և թղթերով ու ֆիզիկապես վերացվել է, փոխարենը տրվել է այն կառուցապատման իրավունքը, ըստ որի՝ դա համայնքի գույքն է։

Մարությանը նշել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո ինքն Օպերայի տարածքում գործող «Ռիչ Գարդեն» սրճարանի տարածքի գրանցումը կասեցրել է և այն վերադարձրել համայանքին, նույնն արել է նաև Մաշտոցի պուրակի դեպքում։

«Այս որոշումը չեղյալ եմ համարել, ասեմ ավելին՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ 277 քմ սեփական գույքը և 17 քմ սեփական գույքը, որն իրենն է, քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը և դրա տեղը նույն փոքր տարածքում տալիս ենք կառուցապատման իրավունքով վարձակալություն։ Սա նշանակում է, որ այն գույքը, որն այժմ կառուցապատողը կառուցում է համայնքային գույք է, այդ գույքի տերը համայնքն է։ Վարձակալության տարիներին մարդը կօգտագործի դա, իսկ դրանից հետո այն արդեն քաղաքինն է։ Մենք այդ ժամանակ կորոշենք՝ քանդում ենք, կանաչապատում, թե մենք ենք վարձակալությամբ տալիս ինչ-որ մեկին»,- նշել է նա։

Մարությանը նշել է, որ իրենք չեն կարող բուլդոզերներով մտնել և քանդել մարդու սեփականությունը, բայց եթե օրենքը նման լիազորություն տա, առաջինն ինքը կնստի բուլդոզերի ղեկին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---