Թորոսյան․ 300 հոգի ծանր վիճակում է, 68-ը՝ ծայրահեղ ծանր, վիրուսային իրավիճակը կայունանում է

Թորոսյան․ 300 հոգի ծանր վիճակում է, 68-ը՝ ծայրահեղ ծանր, վիրուսային իրավիճակը կայունանում է

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը տատանվում է 350-ի շրջանում, օգոստոսի 5-ի դրությամբ՝ 300 քաղաքացի ծանր վիճակում է, 68 հոգի՝ ծայրահեղ ծանր, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում կայունացող ու դեպի լավը գնացող իրավիճակ կա։

Նախարարը հայտնել է նաև, որ թոքերի արհեստական օդափոխության սարքին է միացված 24 քաղաքացի (նախկինում այս թիվը 50-ի շրջանում էր)։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում վերջին շաբաթներին կորոնավիրուսի՝ 50-100-ով պակաս նոր դեպք է գրանցվում մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ։ Թորոսյանը նշել է, որ րավիճակի պահպանման դեպքում իրական շանս կա, եթե ոչ դեպքերի թիվը զրոյացնելու, ապա վիրուսը հանրային առողջապահական խնդիր չհամարելու համար։

Նախարարի խոսքով՝ նաև արձանագրվում է մահացության ցուցանիշի նվազում, իսկ րավիճակով պայմանավորված՝ հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը կրկին հետ է ծավալվում, ԲԿ-ները վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին։

«Արդեն ունենք կոոնավիրուսով զբաղվող 15 կենտրոն՝ նախկին 20-ի փոխարեն։ Եվ 2-ը պլանավորվում է մոտ օրերս վերադարձնել իրենց հիմնական աշխատանքին»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով շարունակել հետևել հակահամաճարակային կանոններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս վիրուսի դեմ պայքարում դրական դինամիկա է արձանագրել, սակայն նշել է, որ քաղաքացիները սկսել են չհետևել հակահամաճարակային կանոններին, ինչը շատ արագ կարող է վերադարձնել վարակի՝ նախկին բարձր ցուցանիշները։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում համաճարակային իրավիճակը շարունակում է բարդ մնալ, իսկ պատշաճ չարձագանքելու, կանոնները չպահպանելու դեպքում այն կարող է վերադառնալ պիկին։

ՀՀ-ում օգոստոսի 12-ից հետո արտակարգ դրությունը ևս մեկ ամսով է երկարաձգվելու։ Oգոստոսի 5-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,586-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 770 դեպք կա, կորոնավիրուսով վարակված է եղել, բայց այլ պատճառով մահացել է 228 հոգի։ Առողջացածների ընդհանուր թիվը 30,850 է։

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները