5 փետրվարի 2009 - 12:40 AMT
Ֆուտբոլ. Վիճակահանության արդյունքում Հայաստանն ու Թուրքիան կրկին հայտնվել են նույն խմբում
Դանիայի Օրհուս քաղաքում տեղի է ունեցել երիտասարդական հավաքականների 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է նույն խմբում թուրքերի, շվեյցարացիների, իռլանդացիների, վրացիների ու էստոնացիների հետ:

Ընտրական փուլի խաղերի օրացույցը դեռեւս չի կազմվել: Սակայն արդեն հայտնի է, որ առաջին հանդիպումները նախատեսվում են 2009թ. մարտի 28-29-ին, իսկ եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան 2010 թվականի սեպտեմբերի 7-ին:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն հանդիպել է Թուրքիայի թիմի հետ 2009թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Իր դաշտում կայացած հանդիպմանը, որն անցավ այդ երկրների ազգային հավաքականների նախօրեին, տանուլ տալով նվազագույն հաշվով, հայկական թիմը կարողացավ փոխել հանդիպման ելքն իր օգտին, երկու գնդակ խփելով խաղի ավարտին: Պատասխան խաղում Թուրքիան կարողացավ ռեվանշ վերցնել` չորս անպատասխան գնդակ խփելով մեր թիմի դարպասներին: