Գոգյան․ Բոլոր տուժած լիբանանահայերին տեղափոխելն ու ՀՀ-ում վերաբնակեցնելը ծայրահեղական լուծում է

Գոգյան․ Բոլոր տուժած լիբանանահայերին տեղափոխելն ու ՀՀ-ում վերաբնակեցնելը ծայրահեղական լուծում է

PanARMENIAN.Net - Բարձրագույն որակավորման կոմիտեի գործող նախագահՍմբատ Գոգյանը՝ անդրադառնալով Լիբանանում և այդ երկրի հայ համայնքում ստեղծված ծանր վիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակվել Հայաստանում և Արցախում։

Գոգյանը հրաժարական է տվել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից, բայց դիմումը դեռևս չի ստորագրվել։

«Դրանով մեր արյունակիցներին կփրկենք, իրենց իսկ խոսքերով, դժոխքից։ Բայց... Բայց պետք է նայել, թե՝

ա) ինչպե՞ս ինտեգրվեցին Սիրիայի պատերազմի ժամանակ դժոխքից Հայաստան տեղափոխված հայերը, արդյո՞ք ինտեգրվեցին, թե՞ իրենց օտար են զգում ու երազում վերադառնալ Հալեպ ու Դամասկոս.

բ) ի՞նչ փոփոխությունների կենթարկվի Լիբանանի հայկական համայնքն, ու արդյո՞ք ներգաղթը չի հանգեցնի հայկական համայնքի վերացմանը։

Այս հարցերի պատասխանը խնդրի լուծումը բերում է էմոցիոնալից դեպի գիտական դաշտ` մշակել չափանիշներ ու մեխանիզմներ, թե ում վերաբնակեցնել Հայաստանում, և ում օգնել, որ մնա Լիբանանում ու ոտքի կանգնի»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ քաղաքականությունը խաղերի տեսությամբ բացատրվող պրոցես է, իսկ խաղերի տեսությունն ասում է, որ երկար խաղի պայմաններում օպտիմալ ստրատեգիան գրեթե միշտ պետք է լինի հավասարակշռված ու ոչ ռադիկալ։

ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Լիբանանից եկող ոչ մի հայ չպետք է առանց կեցության վայրի մնա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---