ԱԴ ժամանակ հավաքների սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը դիմել է պարետատանը

ԱԴ ժամանակ հավաքների սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը դիմել է պարետատանը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն, որտեղ նշվում է, որ արտակարգ դրության պայմաններում հավաքների սահմանափակումը չի կարող լինել բացարձակ։

ՄԻՊ և ՀԿ-ների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը կորոնավիրուսային (Covid-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և հուլիսի 31-ին։

Քննարկման մասնակիցները նշել էին, որ պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի է և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ ոստիկանության համար:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։

Քննարկման մասնակիցների առաջարկները պարետատնից բացի ուղարկվել են նաև Արդարադատության նախարարություն:

Քննարկմանը մասնակցել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Եվրասիա հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, ինչպես նաև Նիկոլայ Հովհաննիսյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---