Գեյթսը մտահոգված է. Որոշ երկրներ Covid-19-ի դեմ կպատվաստեն բավարար չուսումնասիրված դեղերով

Գեյթսը մտահոգված է. Որոշ երկրներ Covid-19-ի դեմ կպատվաստեն բավարար չուսումնասիրված դեղերով

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն է հայտնել, որ որոշ երկրներ մարդկանց կպատվաստեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով, որոնք չեն անցել բավարար ուսումնասիրություն և հաստատման գործընթաց, ու որոնք կամ անօգուտ կլինեն, կամ վտանգավոր։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Ըստ Գեյթսի՝ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։

Գեյթսը պատվաստանյութերի, թեստավորման և բուժման ոլորտներում փորձագետ է։ Նա կնոջ՝ Մելինդայի հետ ֆոնդ է հիմնադրել, որի միջոցով փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիոմիելիտի դեմ։

Գեյթսը կանխորոշել է, որ հարուստ երկրներում համաճարակի վերջը մեկ տարի ավելի շուտ կգա՝ 2021-ին, քան աշխարհի մնացած մասում՝ 2022-ի վերջին։ Պատճառը հիմնականում կլինի պատվաստանյութի բարձր գինը։ Եվ թեև այն կօգնի կանխել վիրուսի տարածումը, դեռ անպատասխան հարցեր կան․ որքա՞ն ժամանակ կտևի դրա ազդեցությունը, կօգնի՞ այն տարեց մարդկանց, ի՞նչ կողմնակի ազդեցություններ կլինեն։

Միլիարդատերը խոսել է նաև ամենից արդյունավետ դեղամիջոցների մասին, որոնք են Ռեմդեսիվիրը և Դեկսամետազոնը։

Նախկինում Գեյթսը զգուշացրել էր, որ եթե դեղերը և պատվաստանյութերը շուկա մտնեն բարձր գներով և ոչ թե տրվեն նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը, մարդկությունը կունենա ավելի երկար, անարդարացի և մահացու պանդեմիա։

Օգոստոսի 10-ի դրությամբ աշխարհում 19,863,850 կորոնավիրուսի դեպք է գրանցվել, մահացել է 731,453 մարդ, առողջացել՝ 12,121,027-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---