5 փետրվարի 2009 - 18:13 AMT
Վլադիմիր Ժարիխին. Անհնար է արդարացի լուծում սպասել եվրոպական կառույցներից
Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարման քննարկումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին բավական բուռն էր: Վեհաժողովը կոնկրետ բողոքներ ուներ Հայաստանի իշխանությունների հանդեպ, քանի որ եվրոպական կառույցները դեռեւս հայկական ընդդիմության քարոզարշավի ազդեցության տակ էին: Այդ մասին «Միջազգային կազմակերպություններում անդամությունը ինքնուրույն պետությունններին ճնշելու գործի՞ք է, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Սերգեյ Մարկովը:

«Հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հստակ էր: Մենք առհասարակ դեմ ենք ձայնի իրավունքից զրկմանը, քանի որ դա հակասում է ժողովրդավարությանը եւ ձախողում հետագա երկխոսության հնարավորությունը»,- նշեց Մարկովը: Նրա խոսքով, ռուսական պատվիրակության դիրքորոշումը հիմնված էր Հայաստանի հետ ռազմավարա-դաշնակցային հարաբերություների վրա: «Բացի Հայաստանի կառավարության կողմից խորհրդատվությունների կատարման հարցից, ԵԽԽՎ օրակարգում էր նաեւ վրացա - հարավօսական հակամարտությունը: Քննարկումների արդյունքում ԵԽԽՎ ընդունեց մի բանաձեւ, որում ՌԴ-ին խորհուրդ տրվեց չեղյալ հայտարարել Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախ ճանաչելու իր որոշումը»,- հաղորդեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամը` ավելացնելով, որ փաստաթղթում ոչինչ չի ասվում ժամկետների մասին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը ավելացրեց, որ եվրոպական քաղաքականությունն այն քաղաքականությունն է, որը դարձավ երկու համաշխարհային պատերազմների պատճառը, եւ պարզապես անհնար է արդարացի լուծում սպասել եվրոպական կառույցներից: