5 փետրվարի 2009 - 18:52 AMT
Վահան Հովհաննիսյան. Ղարաբաղի անվտանգության երաշխավորը ԼՂՀ բանակն է
Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նրան հաջողվեց թույլ չտալ, որպեսզի հակամարտության գոտում վերսկսվեն ռազմական գործողությունները, բայց Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը ԼՂՀ բանակն է: Այդ մասին «Միջազգային կազմակերպություններում անդամությունը ինքնուրույն պետությունններին ճնշելու գործի՞ք է, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնեց ՀՅԴ խորհրդարանական կուսակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: «Չի կարելի մոռանալ, որ հենց ղարաբաղյան բանակն է ադրբեջանական կողմին խաղաղության եւ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման պարտադրել: Հենց նա դադարեցրեց ռազմական գործողությունները Ղարաբաղում»,- ընդգծեց հայ խորհրդարանականը` ավելացնելով, որ այդ փաստն անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային կազմակերպություններում բոլոր հարաբերություններում:

Խոսելով միջազգային կառույցների շրջանակներում միջպետական համագործակցության մասին` Վահան Հովհաննիսյանը ընդգծեց, որ հետխորհրդային երկրների պատվիրակությունները միշտ չեն օժանդակում միմյանց այդ կառույցներում: «Եղել են դեպքեր, երբ հայկական պատվիրակությունը ստիպված է եղել միայնակ պայքարել թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների հակահայկական քարոզչության հետ, իսկ այդ միջոցին ԱՊՀ երկրների պատվիրակությունները, որոնք պետք է մեզ աջակցեին, լքում էին նիստի դահլիճը: Հայաստանի հաշվին այդպիսի գործողությունների արդյունքում հավաքվեցին մի շարք բանաձեւեր, որոնք մի օր կարող են անել իրենց գործը եւ բացասապես անդրադառնալ մեր երկրի վրա»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: