Պոզները պատմել է՝ ինչպես է Լուկաշենկոն արձագանքել իր քննադատությանը 25 տարի առաջ

Պոզները պատմել է՝ ինչպես է Լուկաշենկոն արձագանքել իր քննադատությանը 25 տարի առաջ

PanARMENIAN.Net - Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին մոտ 25 տարվա վաղեմության քննադատության և դրան հաջորդած արձագանքի մասին։ Գրառումը հրապարակվել է «Պոզներ Online» կայքում՝ անձնական սյունյակում։

Ըստ Պոզների՝ դեպքը տեղի է ունեցել Լուկաշենկոյի հետ 20 ռուսաստանցի լրագրողի հանդիպման ժամանակ, որի կազմակերպիչը ռուսական Առաջին հեռուստաալիքի տնօրենների խորհրդի այն ժամանակվա փոխնախագահ Բորիս Բերեզովսկին էր։ Ընթրիքի ժամանակ հյուրերին առաջարկվել է բաժակ բարձրացնել «լավ ընդունելության» համար։

«Լավ եմ հիշում՝ ինչ ասացի, երբ հերթն ինձ հասավ։ Ասացի․ «Մայրս ինձ սովորեցրել է, որ երբ որևէ մեկի հետ հաց ես կիսում, այդ մարդու մասին կամ լավ պետք է խոսես, կամ լռես։ Ուստի, ես ոչինչ չեմ ասի»։ Ասացի և նստեցի»,- նշել է նա։

Պոզները հիշում է, որ ի պատասխան Լուկաշենկոն «միայն խոսուն հայացք նետեց», բայց ոչինչ չասաց, իսկ Բերեզովսկին «նյարդայնացած էր և փորձում էր հարթել» նրա խոսքերը։ Սյունյակում Պոզները նաև քննադատել է Լուկաշենկոյի քաղաքականությունը՝ նշելով, որ վերջինիս օրոք Բելառուսը վերածվել է ոստիկանական պետության։

«Արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրանետ մեքենաներ, խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց ծեծ, լրագրողների ձերբակալություններ՝ այս ամենը մի համոզման է հանգեցնում՝Բելառուսը Լուկաշենկոյի օրոք վերածվել է ոստիկանական պետության»,- գրել է Պոզները՝ առաջարկելով, որ Ռուսաստանը վերանայի իր հարաբերությունները Բելառուսի ղեկավարի հետ։

Ըստ լրագրողի ՝ դա «կվկայի այն մասին, որ Ռուսաստանի համար միևնույն չէ, թե ով կհամարվի իր դաշնակիցը»։

Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

ՄԱԿ-ի արձանագրմամբ՝ Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 6000 մարդ, այդ թվում՝ պատահական անցորդներ և անչափահասներ:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան