ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն աշխատողներին արգելել է հայկական ավիափոխադրողով պաշտոնական ուղևորության մեկնել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն աշխատողներին արգելել է հայկական ավիափոխադրողով պաշտոնական ուղևորության մեկնել

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը արգելել է իր աշխատակազմին օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար։ Նաև կոչ է արել ճանապարհորդական ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել, որ դրանք ԵՄ օդային անվտանգության ցուցակում են։

Արգելքը ներառում է հետևյալ ավիափոխադրողներին, սակայն չի սահմանափակվում միայն դրանցով․ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball։

Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ 2020-ի հունիսին Եվրամիությունը բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակում` կապված դրանց անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ: Սահմանափակումը մինչև 2022-ն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:

Դեսպանությունը նաև կոչ է արել վերոնշյալը հաշվի առնել ճանապարհորդական պլաններ կազմելիս։

2020-ի գարնանը ԵՄ-ն որոշել է ՀՀ-ում գրանցված բոլոր ինքնաթիռ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված ընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---