Պատմության ամենամեծ բողոքի ակցիաները՝ Բելառուսում․ ԵՄ առաջնորդները սատարում են ցուցարարներին

Պատմության ամենամեծ բողոքի ակցիաները՝ Բելառուսում․ ԵՄ առաջնորդները սատարում են ցուցարարներին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին Բելառուսում անցել են այդ երկրի պատմության ամենամեծ բողոքի ակցիաները։ Ընդդիմությունը մտադիր է շարունակել դրանք և համազգային գործադուլ հայտարարել՝ պահանջելով, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռանա պաշտոնից և նոր ընտրություններ նշանակվեն։ Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ՝ Սվետլանա Տիխանովսկայան նախկինի պես Լիտվայում է, գրում է BBC-ն։

Տարբեր տվյալներով բողոքի ակցիաների մասնակիցները թիվն օգոստոսի 16-ին հասել է մոտ 200,000-ի։ Բելառուսական երկու խոշոր ձեռնարկության՝ «Բելառուսկալիի» և «Նավթանի» աշխատակիցները հայտարարել են, որ միանում են համազգային գործադուլին, գրում է Deutsche Welle-ն։

Անկախության հրապարակում հավաքվել էին գործող նախագահ Լուկաշենկոյի կողմնակիցները։ Ելույթ ունենալով մասնակիցների առջև՝ Լուկաշենկոն ասել է․ «Ես կանչել եմ ձեզ ոչ թե ինձ պաշտպանելու համար։ Թեև՝ դա էլ կա։ Դուք այստեղ եք, որպեսզի 25 տարում առաջին անգամ պաշտպանեք ձեր երկիրը։ Իմ մեղքը չէ, որ ես ձեզ այստեղ եմ կանչել»,- ասել է նա։

Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Լուկաշենկոն շարունակել են քննարկել իրավիճակը երկրում, այդ թվում՝ արտաքին ճնշումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսական կողմը հաստատել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և առաջացած խնդիրները Միութենական պետության հիմնարար սկզբունքների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ ՀԱՊԿ գծով լուծելուն նպաստելու պատրաստակամությունը։

Սվետլանա Տիխանովսկայան YouTube-ում տեղադրված իր տեսաուղերձում հայտարարել է, որ պատրաստ է համազգային առաջնորդ դառնալ, որպեսզի «երկիրը հանդարտվի և բնականոն հունի մեջ ընկնի»: Այդ ընթացքում, ըստ նրա՝ հարկ կլինի ազատել բոլոր քաղբանտարկյալներին և օրենսդրական բազա ստեղծել ու պայմաններ՝ նախագահի նոր ընտրություններ կազմակերպելու համար։

Ցուցարարներին սատարել են եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հորդորել է ԵՄ-ին սատարել հարյուր հազարավոր բելառուսներին, որոնք խաղաղ բողոքի ակցիաներում պահանջում են «ազատություն, ինքնիշխանություն և սեփական իրավունքներն են պաշտպանում»։

Իսկ Գերմանիայի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Օլաֆ Շոլցը Լուկաշենկոյին «վատ բռնապետ» է անվանել, որը կարող է խոսել ցուցարարների հետ իրեն հասու միակ՝ բռնության լեզվով։

Բելառուսի մշակույթի գործիչները, ավելի քան 130 հոգի, պահանջել են նոր ընտրություններ անցկացնել, քանի որ անհնար է խոսել ընտրարշավի լեգիտիմության մասին, երբ այն անցել է վախի մթնոլորտում: Նրանք նաև պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---