Իտալիայում կրկին փակվում են դիսկոտեկները

Իտալիայում կրկին փակվում են դիսկոտեկները

PanARMENIAN.Net - Երիտասարդության շրջանում կորոնավիրուսով վարակի աճի պատճառով Իտալիայի կառավարությունը որոշել է առնվազն մինչև սեպտեմբերի 7-ը փակել պարահրապարակները։

Ինչպես ասել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, այդ սահմանափակումը կտարածվի նաև լողափերի դիսկոտեկների և բացօթյա այլ պարահրապարակների վրա, գրում է Deustche Welle-ն։

Բացի այդ, ժամը 18:00-ից մինչև 6:00-ն պարտադիր է դառնում դիմակ կրելը երիտասարդների հավաքատեղիներում, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների առջև, որտեղ միշտ կուտակումներ են լինում։

Վերջին շրջանում Իտալիայում հաճախակի են դարձել երեկույթները, որոնք անցնում էին առանց հիգիենայի կանոնների պահպանման։ Ուստի, փորձագետները զգուշացրել են, որ եթե իրավիճակը չփոխվի, ուսումնական տարվա մեկնարկը, որը սեպտեմբերի 14-ին է, կվտանգվի։

Դիսկոտեկների սեփականատերերը հաշվել են, որ բազմամիլիարդանոց վնասներ են կրելու, այնուամենայնիվ, զբոսաշրջիկների շրջանում պահանջված Կալաբրիան փակել է բոլոր դիսկոտեկներն արդեն օգոստոսի 14-ից։

Ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր Իտալիայում գրեթե 254,000 վարակի դեպք է գրանցվել։ Օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ վերջին 24 ժամում վարակի 479 նոր դեպք կա, իսկ օգոստոսի 16-ին՝ 629։ 2020-ի փետրվարից Իտալիայում վարակից 35,400 մարդ է մահացել։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---