Փաստաթղթեր կեղծելու և խոշոր գումար հափշտակելու դեպքեր են բացահայտվել

Փաստաթղթեր կեղծելու և խոշոր գումար հափշտակելու դեպքեր են բացահայտվել

PanARMENIAN.Net - «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010-2018 թթ․ մեկ միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 27 քաղաքացու հրամանագրել են տարբեր հաստիքներում, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք կազմել և վավերացրել են կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ:

Այնուհետև, տվյալ փաստաթղթերը դնելով շրջանառության մեջ, ներկայացրել են վճարման, որի արդյունքում պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ ելքագրվել և շահադիտական դրդումներով՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 59,062,904 դրամի գումար:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով`) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---