Երևանում 600 տնտեսվարողից օրական մինչև 2․4 տ ստվարաթուղթ է հավաքվում

Երևանում 600 տնտեսվարողից օրական մինչև 2․4 տ ստվարաթուղթ է հավաքվում

PanARMENIAN.Net - Արդեն մոտ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Պարտավորությունը ստանձնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5%-ը:

3 մեքենա առավոտյան 9-ից սահմանված ժամանակացույցով ու քարտեզով շրջում է վարչական շրջաններում, հավաքում ու տեղափոխում կուտակված ստվարաթուղթը: Թափոնների տեսակավորումը քաղաքապետարանը սկսել էր դեռ 2019-ին, այժմ գործընթացն ավելի կանոնակարգված է:

ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրական 2-2.5 տոննա ստվարաթուղթ է հավաքվում, սակայն թիվն աճում է․ «Սկզբնականում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել»։

Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը:

«Նախատեսում ենք ժամանակավոր տեսակավորման կայան բացել Աջափնյակում, որտեղ կկարողանանք տեսակավորել պլաստիկը: Մեր հավաքած թափոնները ենթադրում են նաև մուտքեր բյուջե, որը կօգտագործվի մեքենասարքավորումներ, աղբամաններ ձեռք բերելու համար», - նշել է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է նաև աղբի տեսակավորման համար տարբեր գույների աղբամաններ ձեռք բերել:

Հայաստանը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են համաձայնագիր, որով Երևանի կոշտ թափոնների վերամշակման գործարան է կառուցվելու։ Շինարարության ժամկետը 2017-ից մի քանի անգամ հետաձգվել է, վերջին անգամ հետաձգման որոշումը եղել է 2020-ի օգոստոսին (ամենաշուտն այն պատրաստ կլինի 2025-ի դեկտեմբերի 31-ին)։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---