Գոգյան․ Համաձայն չեմ ՀՊՏՀ ռեկտորի գիտկոչումը պահպանելու՝ ԿԳՄՍՆ որոշման հետ

Գոգյան․ Համաձայն չեմ ՀՊՏՀ ռեկտորի գիտկոչումը պահպանելու՝ ԿԳՄՍՆ որոշման հետ

PanARMENIAN.Net - Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը համաձայն չէ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշման հետ, ըստ որի՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը պահպանում է տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը։

ԿԳՄՍՆ-ն օգոստոսի 17-ին հայտնել էր, որ Գալոյանի՝ նախարարություն ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է, նա պահպանում է տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը։ Մինչդեռ հուլիսի 17-ին` այն նույն օրը, երբ Գալոյանն ընտրվել էր ՀՊՏՀ ռեկտոր, ԲՈԿ-ը որոշել էր անվավեր ճանաչել նրա` տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Հիմնավորումը, ըստ ԲՈԿ-ի, Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած գրագողության փաստերն էին։

Գոգյանը հայտնել է, որ ԿԳՄՍՆ որոշումը հնարավոր է վիճարկել դատական կարգով, փորձում են բողոքարկել նաև կառավարության միջոցով։

«Մենք առաջնորդվել ենք ճիշտ աշխատելու սկզբունքով, կայացրել ենք ճիշտ որոշումներ, հիմա, ինչպես ասում են, կացինը նախարարության ձեռքն է, նա կարող է ցանկացած որոշում ցանկացած իրավական մեկնաբանությամբ հաստատել կամ մերժել»,- ասել է Գոգյանը՝ հավելոլով, որ Գալոյանն իր դոկտորական ատենախոսության հետ կապված ոչ մի բովանդակային առարկություն չի ունեցել։

ԲՈԿ նախագահն անդրադարձել է նաև իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե խտրական վերաբերմունք է ցուցաբերել, երբ ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժպ Ռուբեն Հայրապետյանին գիտական կոչումից չի զրկել։

Հայրապետյանի անվան շուրջ ևս նմանօրինակ քննարկումներ են եղել։ Նրան մեղադրում էին դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ։ Հայրապետյանը 2019-ին թողել է ռեկտորի ժպ-ի պաշտոնը։

Գոգյանի խոսքով՝ ԲՈԿ-ը գիտական աստիճանից կզրկեր նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե դրա ժամանակն ունենար։ Այդ ժամանակն ուներ ԿԳՄՍՆ-ն, բայց չի արել։

Գոգյանը նշել է, որ դեռ փետրվարի 26-ին գրություն էր ուղարկել նախարարություն՝ խնդրելով պատասխանատու անձանց հետ հանդիպում կազմակերպել, գրությունը մակագրվել էր փոխնախարար Գրիշա Թամրազյանին, սակայն հանդիպումը ոչ մերժվել, ոչ անցկացվել էր։ Ըստ նրա՝ եթե գրությանն ընթացք տրվեր, մարտ-ապրիլ ամիսներին կարելի էր ամեն ինչ կազմակերպել և սկսել գիտական աստիճաններից զրկելու գործընթացը։

Գոգյանի խոսքով՝ սպասված հանդիպումը չի կայացել, ԲՈԿ-ը ստիպված է եղել կենտրոնանալ այդ պահին առկա ակտիվ դեպքի վրա, որը, Գալոյանի ատենախոսության հարցն էր։

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավարը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որն ընկալվել էր որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---