Տիխանովսկայայի շտաբը գործադուլի կոչ է արել․ Կանադան և Իռլանդիան չեն ճանաչել Բելառուսում ընտրության արդյունքները

Տիխանովսկայայի շտաբը գործադուլի կոչ է արել․ Կանադան և Իռլանդիան չեն ճանաչել Բելառուսում ընտրության արդյունքները

PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 18-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել Բելառուսում, որտեղ չեն դադարում բողոքի ցույցերը երկրում նախագահական ընտրության արդյունքների դեմ։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի ղեկավար Մարիա Մորոզը կոչ է արել բելառուսներին գործադուլ անել և տնտեսական վնաս պատճառել։

Բացի այդ, հրաժարական է տվել Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան, որն իր աջակցությունն էր հայտնել ցուցարարներին, տեղեկացնում է Tut.by պորտալը։ Նրա ազատման մասին հրամանագիրը դեռ չի ստորագրվել։

Կանադան և Իռլանդիան ևս հայտարարել են, որ չեն ճանաչում երկրում ընտրությունների արդյունքները։ Այդ մասին հայտարարել են այդ երկրների ԱԳ նախարարները։

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Twitter-ում գրել է, որ ընտրությունները կեղծվել են, և դատապարտել ցուցարաների հանդեպ ճնշումը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է օգոստոսի 18-ին քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հեռախոսազրույցում։ Մերկելը նաև շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Լուկաշենկոյի հակառակորդ Տիխանովսկայային ընդունելու համար, գրում է BBC-ն։

Լիտվայում շատ սուր են ընկալում Բելառուսի իրադարձությունները։ Այդ երկրի ԱԳՆ-ն չի բացառում ՌԴ հնարավոր ռազմական միջամտությունը։

ԱՄՆ-ն ևս դատապարտել է ռազմական միջամտության ՌԴ պատրաստակամությունը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Պուտինի հայտարարությունը Բելառուսին անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ ռազմական, ցուցաբերելու պատրաստակամության մասին, գրում է Deutsche Welle-ն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիության պետությունների ղեկավարներն օգոստոսի 19-ին գագաթնաժողով կգումարեն տեսակոնֆերանսի ձևաչափով՝ քննարկելու իրավիճակը Բելառուսում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Եվրախորհրդարանի պատգամավորները չեն ճանաչել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել Եվրամիությունում անցանկալի անձ՝ «պերսոնա նոն գրատա»։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ էր բերման ենթարկվել և ձերբակալվել։Նրանց մեծ մասն ավելի ուշ ազատ է արձակվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---