6 փետրվարի 2009 - 18:12 AMT
Արթուր Աբրահամը կմենամարտի ամերիկացի բռնցքամարտիկ Լահուան Սայմոնի հետ
Միջին քաշային կարգում IBF չեմպիոն, 28-ամյա հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մարտի 14-ին գերմանական Կիլե քաղաքում կմենամարտի ամերիկացի Լահուան Սայմոնի հետ, որը 24 անընդմեջ հաղթանակ է տարել:

«Ես կսկսեմ Սայմոնից, իսկ տարվա վերջին կցանկանայի դառնալ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, ես թույլ չեմ տա, որպեսզի Սայմոնը խախտի իմ պլանները Քելլի Պավլիկի հետ մենամարտի հաշվով, ես հաղթանակով կմեկնեմ Կիլեից, ինչպես եւ անցած տարի: Ես այս քաղաքի հետ կապված միայն լավ հիշողություններ ունեմ: Հենց այստեղ եմ ես անցյալ գարնանը նոկաուտի ենթարկել Էլվին Այալային»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում Fightnews.com-ը:

Աբրահամի պրոմոուտեր Բիլֆրիդ Զաուերլանդն իր հերթին ավելացրել է, որ իրենք խորապես հարգում են Լահուան Սայմոնին: «Հեշտ չէ Արթուր Աբրահամի համար մրցակից գտնել: Շատերը չէին համարձակվի մենամարտել Աբրահամի հետ: Միայն այն բանի համար, որ Սայմոնը ռինգ է դուրս գալու, նա հարգանքի է արժանի»,- հայտնել է Զաուերլանդը: