6 փետրվարի 2009 - 18:52 AMT
Մեհմետ Էրոլ. ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը Վարշավայի երկրորդ պայմանագիրն է
Իր տարածքից ամերիկյան կայանը դուրս բերելու Ղրղզստանի որոշումը նույնքան նշանակալից է, որքան ռազմական բլոկ ստեղծելու Մոսկվայի քայլերը: Դա եւս մեկ կոնկրետ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը Կովկաս վերադառնում` այնտեղ ռազմական բլոկ ստեղծելու նպատակով: Այդ մասին հայտնել է Անկարայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի (ISRO/USAK)` Կովկասի հարցերով փորձագետ, պրոֆեսոր Քասիմ Քամերը: «Մոսկվան իր գործողություններով փորձում է ազդել որոշակի երկրների վրա, որոնք հրաժարվել են նման բլոկի հատված դառնալ: Այդ իրադրությունը կարող է մեզ բերել «սառը պատերազմի» ժամանակաշրջանի պայմաններին, երբ աշխարհը երկբեւեռ էր` Վաշինգտոն-Մոսկվա»,- հայտնել է Քամերը:

Նրա կարծիքով, Թուրքիան ավելի շատ առավելություններ ունի երկբեւեռ, քան միաբեւեռ աշխարհի պայմաններում: «Մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի անդամ, թեեւ չենք մասնակցել Երկրորդ աշխարհամարտին: Ներկայումս նոր լարվածության աճը դրականապես կանդրադառնա Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Իհարկե, Անկարան պետք է նոր ռազմավարություններ մշակի, օրինակ, զարգացնելով Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը»,- ընդգծել է թուրք պրոֆեսորը: Նրա խոսքով, հիմա Արեւմուտքը Ռուսաստանին դիմակայելու կարգավիճակում է գտնվում` ինչպես էներգետիկայի, այնպես էլ զինված ուժերի ոլորտում: «Թուրքիայի ազդեցությունը կաճի Միջին Ասիայի հանդեպ Սեւ ծովի միջոցով, եւ Անկարան կօգտագործի այդ առավելությունը նոր ժամանակաշրջանում»,- ասել է Քամերը:

Մեկ այլ թուրք փորձագետ Մեհմետ Սեյֆեդդին Էրոլի կարծիքով, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը «Վարշավայի երկրորդ պայմանագիրն է»: «Դա նոր խաղ է, որի սկիզբը դարձավ Աֆղանստանի վրա կենտրոնանալու` ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի որոշումը»,- հայտնել է Էրոլը: Նա նաեւ նկատել է, որ ՀԱՊԿ հանդեպ ուշադրության ուժեղացմամբ Ռուսաստանը ցանկանում է ինտեգրացման քաղաքականություն վարել, եւ մոտ ապագայում Մոսկվան կստիպի հետխորհրդային երկրներին եւ Բալկանների, Արեւելյան Եվրոպայի ու Բալթիկայի երկրներին` միանալու այդ նոր բլոկին:

«Նախկինում Վաշինգտոնը օգտագործում էր քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հետ կապված գործիքները, որպեսզի Թուրքիային իր կողմում պահեր: Բայց այժմ ԱՄՆ ստիպված կլինի հաշվի առնել Թուրքիայի շահերն ու խնդիրները, եթե նրա օգնության կարիքը ունենա»,- ընդգծել է թուրք փորձագետը` ավելացնելով, որ Ռուսաստանը չի ցանկանում վախեցնել Թուրքիային: Ինչպես նշել է Էրոլը, այն քայլը, որը կարվի Թուրքիայի կողմից, որոշիչ կլինի այդ խոշոր խաղում: «Անկարան բացահայտ չի հակվելու կողմերից եւ ոչ մեկին, այլ կփորձի հավասարակշռել իրադրությունը հավաքական տարածաշրջանային ջանքերի միջոցով»,- ամփոփել է Էրոլը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: