19 օգոստոսի 2020 - 14:15 AMT
Սարգսյան․ 2016-ին Մոսկվայում զինադադարի նոր համաձայնագիր չի կնքվել

2016-ի ապրիլի 5-ին Մոսկվայում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը, որին մասնակցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, հայկական կողմին հաջողվել է նվազագույն ընդունելի խնդիրն ի կատար ածել՝ ուժի մեջ է մնացել 1994 թվականի զինադադարի համաձայնանագիրը, չի կնքվել նորը, հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես գալիս՝ պատասխանելով Ապրիլյան պատերազմի մասին հարցերին։

Սարգսյանը նշել է, որ մինչ հանդիպումն իրենք պայմանավորվել էին, թե որը պետք է լիներ ՀՀ-ի առջև դրված առավելագույն ու նվազագույն խնդիրները։

Ըստ նրա՝ առավելագույն խնդիրը պետք է լիներ պահանջել ադրբեջանցիներից դիրքերի նախնական դասավորության վերականգնումը, սակայն նրանք չեն համաձայնել այն փաստարկմամբ, որ այդքան կորուստներից հետո չեն կարող արդարացնել իրենց հետվերադարձը դիրքեր։

«Մենք հասել ենք նվազագույն ընդունելիին, որ 1994 թվականի համաձայնագիրն ուժի մեջ է մնացել, որովհետև այն ունի մշտական բնույթ»,- ասել է Սարգսյանը։

Նա նաև մանրամասնել է Մոսկվայի հանդիպմանը նախորդած իրադարձությունները՝ նշելով, որ իրեն զանգել է գեներալ Խաչատուրովը և ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպել ու խոսել հրադադարի թեմայով Մոսկվայում։ Ըստ Սարգսյանի՝ հենց ՌԴ մայրաքաղաքն է ընտրվել, քանի որ «ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության»։

Սարգսյանը նշել է, որ Գլխավոր շտաբն է ղեկավարել ամբողջ ռազմական գործողություններն ու ինքը գոհ է ԳՇ-ից և անձամբ Խաչատուրովի աշխատանքից։

2018-ի հուլիսին ՀՀ քննչական կոմիտեն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրել 2008-ի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար, դատավարությունը մինչ օրս դեռ չի ավարտվել։