Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով

Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով

PanARMENIAN.Net - Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։

«Համակարգող խորհրդի ստեղծումն ու գործունեությունն ուղղված են պետական իշխանությունը զավթելուն և Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնասելուն»,- ասել է նա, գրում է Sputnik Բելառուսը։

Դատախազը նշել է նաև, որ օգոստոսի 18-ին մի խումբ քաղաքացիներ հայտարարել են Համակարգող խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է այդ թվում նաև իշխանության փոխանցման կազմակերպումը։ Նա հավելել է, որ նման մարմինների ստեղծում օրենսդրությամբ նախատեսված չէ։

ՔՕ «Ազգային անվտանգությանը վնասելուն ուղղված գործողությունների կոչեր» հոդվածով մեղադրյալներին կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։

Ընդդիմության Համակարգող խորհուրդը ստեղծվել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։ Օգոստոսի 19-ին կայացել է խորհրդի առաջին նիստը, որտեղ ընտրվել են նախագահության անդամներն ու բանաձև է ընդունվել։ Նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել էր, որ Խորհրդի ստեղծման նպատակն է քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և համաձայնության մթնոլորտի վերականգնումը հանրության շրջանում։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---