21 օգոստոսի 2020 - 10:13 AMT
Մարկեդոնով․ Փաշինյանի նոր խորհրդականն աչքի է ընկում ՌԴ-ի լավ իմացությամբ

ՌԴ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանի նշանակմանը, մատնանշել է, որ վերջինս, ի տարբերություն ՀՀ նոր սերնդի քաղաքական գործիչների, լագ գիտի Ռուսաստանը, ծանոթ է «ուժային բլոկի» ներկայացուցիչներից շատերի հետ։

Հարությունյանը 1990-ականներին ծառայել է ԱՊՀ միացյալ ուժերի հրամանատարական կազմում, եղել է ՀԱՊԿ ստեղծման ակունքներում։

«Հարությունյանի ասպարեզ գալը հետաքրքիր է մի քանի պատճառով։ Նա իր կենսագրությամբ ու մասնագիտական փորձով կտրուկ տարբերվում է Փաշինյանի թիմակիցների մեծ մասից, որի շրջապատում գերիշխում են քաղակտիվիստներն ու ընդդիմադիրները»,- գրել է Մարկեդոնովը Bunin & Co Telegram-ալիքում։

Ըստ Մարկեդոնովի` գլխավոր խորհրդականի պաշտոնում զինվորականի նշանակումը պայմանավորված է, առաջին հերթին, Տավուշում հուլիսին գրանցված սրմամբ։

«Եվ ոչ այնքան ինքնին միջադեպով, որքան ՀԱՊԿ-ի որոշակի հապաղումով։ Երևանում բազմաթիվ հարցեր են կուտակվել այդ մասով։ Ամեն ինչ պարզ չէ նաև ՌԴ դիրքորոշման առումով։ Եվ Հարությունյանը շատերից լավ կկարողանա դրանից գլուխ հանել՝ հաշվի առնելով նրա փորձն ու գիտելիքները»,- գրել է փորձագետը։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական օգոստոսի 18-ին։ Հարությունյանը 2002 թվականի հուլիսի 22-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել էր։ Նա այդ քայլը համարել էր անօրինական, իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի հիմնադիր անդամ էր Հարությունյանը, նրա աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր։ 2019 թվականին Հարությունյանի զինվորական կոչումը վերականգնվել էր, և նա նշանակվել էր ԵԿՄ փոխնախագահ։