21 օգոստոսի 2020 - 10:51 AMT
«Լիդիանը» փորձել է գիշերով տեխնիկա մտցնել Ամուլսար. Իրավիճակը գերլարված էր

Օգոստոսի 21-ի գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերությունը փորձել է Ամուլսարի տարածք տեխնիկա մտցնել, կեսգիշերին իրավիճակը գերլարված է եղել, հայտնում են Հայկական բանապահպանական ճակատից։

«Հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք»,- ասվում է ՀԲՃ հայտարարության մեջ, որը տարածվել է կեսգիշերին:

Օգոստոսի 20-ին Ամուլսարի պահապանները Ջերմուկից ավտոերթով Երևան էին շարժվել, որտեղ ակցիաներ էին իրականացրել Կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության մոտ։ Նրանք պահանջում էին, որ գործադիրը հրաժարվի Ամուլսարում հանք շահագործելու ծրագրից։

Օգոստոսի 4-ին բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Մի քանի օր շարունակ բնապահպանները բողոքի ցույցեր էին անցկացնում Ջերմուկում, արդյունքում ոստիկանությունն ապամոնտաժել էր ընկերության տեղադրած վագոն-տնակը։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։