Լուկաշենկո․ Այս ամենը ծրագրում և ուղղորդում է ԱՄՆ-ն, իսկ եվրոպացիներն աջակցում են

Լուկաշենկո․ Այս ամենը ծրագրում և ուղղորդում է ԱՄՆ-ն, իսկ եվրոպացիներն աջակցում են

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ձերժինսկի» ագրոկոմբինատի աշխատակիցների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ասել է, որ «այդ ամենը ծրագրում և ուղղորդում է ԱՄՆ-ն, իսկ եվրոպացիները՝ աջակցում են»։

«Մեզ համար պատրաստում էին այս խառնաշփոթը։ Եվ Ռուսաստանը վախենում էր մեզ կորցնել։ Արևմուտքն ինչ-որ կերպ որոշել է մեզ իր կողմը քաշել, ինչպես հիմա տեսնում ենք, ՌԴ դեմ։ Հիմա նրանք ուզում են այդ բալթյան-սևծովյան միջանցքը ստեղծել՝ բալթյան 3 հանրապետությունը, մենք և Ուկրաինան։ Մեր օղակն է մնացել»,- ասել է նա, գրում է Belta.by-ը։

Ըստ Լուկաշենկոյի՝ հատուկ կենտրոն է ստեղծվել Վարշավայի մոտ։

«Մենք վերահսկում ենք, գիտենք՝ ինչով է այն զբաղվում։ Հասկանում եք, երբ շուրջն անհանգիստ է և տանկեր ու ինքնաթիռներ են սկսում տեղաշարժվել, դա պատահական չէ»,- ասել է նա։

Նա ասել է նաև, թե Բելառուսում ոմանց վճարել են, ոմանց՝ մոլորեցրել, և սկսվել է հետագա գործընթացը։

«Իսկ արտերկրում այդ ժամանակ զորավարժություններ էին։ Ի՞նչ էր դա։ Դա, անհրաժեշտության դեպքում, ներխուժման նախապատրաստում է»,- ասել է նա։

Մինչդեռ Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում կոչ է արել երկրի ձեռնարկությունների բանվորներին շարունակել և ընդլայնել գործադուլները:

Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով։ Ընդդիմության Համակարգող խորհուրդը ստեղծվել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։ Օգոստոսի 19-ին կայացել է խորհրդի առաջին նիստը, որտեղ ընտրվել են նախագահության անդամներն ու բանաձև է ընդունվել։ Նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել էր, որ Խորհրդի ստեղծման նպատակն է քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և համաձայնության մթնոլորտի վերականգնումը հանրության շրջանում։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---