ԶԼՄ․ Բելառուսում տասնյակ լրատվական կայքեր են արգելափակվել

ԶԼՄ․ Բելառուսում տասնյակ լրատվական կայքեր են արգելափակվել

PanARMENIAN.Net - Բելառուսում տասնյակ լրատվական կայքեր են արգելափակվել։ Սև ցուցակում հայտնված ռեսուրսներն ընդգրկվել են ցանկում Բելառուսի տեղեկատվության նախարարության որոշման հիման վրա, գրում է Tut.by-ը։

Ըստ պորտալի տվյալների` որոշ կայքեր մուտք գործելիս զգուշացում է հայտնվում, որ «տեղեկատվական ռեսուսրի հասանելիությունը սահմանափակված է նախարարության որոշմամբ, որը կայացվել է ըստ Բելառուսի «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի։

Սև ցուցակում է հայտնվել նաև «Գոլոս» հարթակը, որտեղ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններում քվեների այլընտրանքային հաշվարկ էր ընթանում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է քաղաքացիների դեմ «ներքին գործերի ուժայինների հանդեպ բռնության համար» 46 քրգործ հարուցելու մասին։

Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով։ Ընդդիմության Համակարգող խորհուրդը ստեղծվել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։ Օգոստոսի 19-ին կայացել է խորհրդի առաջին նիստը, որտեղ ընտրվել են նախագահության անդամներն ու բանաձև է ընդունվել։ Նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել էր, որ Խորհրդի ստեղծման նպատակն է քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և համաձայնության մթնոլորտի վերականգնումը հանրության շրջանում։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---