ՀԱԷԿ-ը վերանորոգումից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ը վերանորոգումից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի N3 և 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին:

Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգումն ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ։

ՀԱԷԿ-ը պլանային վերանորոգման էր կանգնել հուլիսի 1-ից՝ 65 օրով:

Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտություն, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգում։ Նշվում է, որ կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը:

Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունը, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է, հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը:

Արդեն հինգերորդ տարին է Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային-նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։ ՊՆՎ ավարտից հետո Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կշարունակվեն։

Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համար տրված ռուսական վարկի մնացած մասից:

Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ 1988-ի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995-ին՝ մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021-ը։ Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2026 երկարաձգելու հնարավորությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---