Բադասյան․ Արտակարգ դրությունը չի երկարցվի, այլ սահմանափակումներ կգործեն

Բադասյան․ Արտակարգ դրությունը չի երկարցվի, այլ սահմանափակումներ կգործեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը հայտարարված արտակարգ դրությունը չի երկարացվի, կգործեն այլ սահմանափակումներ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որառաջարկվող նախագծերի փաթեթը հնարավորություն կտա պայքարել համաճարակի դեմ առանց ԱԴ երկարաձգման։

Ըստ նրա՝ դա հնարավոր կլինի«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը սահմանված ժամկետում ԱԺ-ում ընդունվելու դեպքում։

Բադասյանը նշել է, որ որպես այլ միջոց կարող է կիրառվել կարանտինը։«Վարակիչ հիվանդությունների ներթափանցման, համաճարակի առաջացման դեպքում ՀՀ-ում կարող է կարանտին սահմանվել»,- ասել է նա։

Այն հնարավոր կլինի սահմանել լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից առանձին տարածքներում, իսկ կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ որոշ մարզերում։

Եթե կարանտինը հայտարարվում է ՀՀ ամբողջ տարածքում կամ մի քանի մարզում, կարող են որոշ սահմանափակումներ լինել, այդ թվում՝ հավաքների կամ հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման կամ դրանց մասնակցելու։

Նախարարը նշել է նաև, որ կարող է սահմանափակվել իրավաբանական անձանց գործունեությունը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, կրթական հաստատությունների գործունեությունը և այլն։

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2020-ի մարտի 16-ին, այն պարբերաբար երկարաձգվել է և գործելու է մինչև սեպտեմբերի 11-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---