Թորոսյան․ Հրաժարականիս լուրերը 2 տարի կան, վարչապետին չեմ հանդիպել

Թորոսյան․ Հրաժարականիս լուրերը 2 տարի կան, վարչապետին չեմ հանդիպել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի հիշում, թե վերջին անգամ երբ է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշում՝ իր հրաժարականի մասին լուրերը 2 տարի է՝ պտտվում են, դրանք մեկնաբանելու պատճառ չկա։

Վերջին շրջանում մամուլում քննարկվում էր Թորոսյանի հրաժարականի մասին լուրը։ Նշվում էր, թե նախարարն ու վարչապետը կոնֆլիկտային քննարկում են ունեցել։

Ըստ Թորոսյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահական ոլորտին տրված գնահատականը չի կարող այլ լինել, քան «բավարար» կամ «լավ», փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նախարարի խոսքով առողջապահական համակարգի նման մոբիլիզացիա Հայաստանի պատմության մեջ չի եղել, այն իր տեսակով աննխադեպ է։

«Գլոբալ առումով կորոնավիրուսն ԱՆ գործը չէ միայն, այլև՝ ՀՀ-ի։ Այդպես էլ եղել է, բոլոր գերատեսչությունները զբաղվում են իրենց գործով։ ՀՀ-ում վիրուսից մահացածների տոկոսը ցույց է տալիս, որ առողջապահական համակարգն արել է ավելին, քան կարող էր՝ հաշվի առնելով վերջին տարիներին ԱՆ-ին հատկացված թե ֆինանսական միջոցները, թե ուշադրությունը»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում 100 դեպքից 2-ն ավարտվում են մահվան ելքով, դա լավագույն ցուցանիշներից է աշխարհում։

Նախարարը նաև նշել է, որ ՀՀ-ում կարող է սպասվել համավարակի երկրորդ ալիք կամ ակտիվացում՝ կապված մարդկանց տեղաշարժի աճի հետ։

Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,270-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 864 դեպք կա, այլ պատճառով՝ 265։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,988 է։ Փաստացի բուժվողների թիվը 5153 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---