Սաակաշվիլին որոշել է Վրաստան վերադառնալ

Սաակաշվիլին որոշել է Վրաստան վերադառնալ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ որոշել է հայրենիք վերադառնալ՝ շնորհակալություն հայտնելով «Ուկրաինային, որը երկրորդ տուն է դարձել իր համար»։

«Ուկրաինան իմ երկրորդ տունն է։ Այստեղ եմ եկել իմ գլխավոր տնից՝ քաղցր Վրաստանից։ Ուկրաինան սիրել եմ դեռ ուսանողական տարիներից, այն ինձ ընդունեց ամենածանր ժամանակ, առանց որևէ պայմանի ու պահանջի, և ես դա շատ եմ գնահատում»,- ասել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նա ասել է, որ վերջին 7 տարում շատ բանի միջով է անցել և բավարար փորձ ու գիտելիք է կուտակել «իր երկրին ծառայելու և սխալներ թույլ չտալու» համար։ Նա նաև խոստովանել է, որ նախագահության ժամանակ սխալներ, այնուամենայնիվ, եղել են։

«Աստված վկա, ամենալավն եմ ուզել ժողովրդիս համար։ Ուզել եմ, որ իմ ժողովուրդն ավելի լավ ապրի, ավելի հարուստ լինի, և, այնուամենայնիվ, ուզում եմ ներողություն խնդրել բոլոր սխալներիս համար։ Նորություններ լսելով Վրաստանից՝ հասկանում եմ, որ մենք կարող ենք շատ ավելի լավ ապրել, յուրաքանչյուր վրացի կարող է ավելի հարուստ լինել և մեզ մոտ դա կստացվի։ Ես վերադառնում եմ»,- ասել է նա։

Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից 2013-ին, որտեղ նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, մի մասով նա հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել։ 2015-ին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Օդեսայի շրջանի նահանգապետ նշանակեց։ Սակայն արդեն 2016-ին Պորոշենկոն ազատեց աշխատանքից Սաակաշվիլիին և զրկեց քաղաքացիությունից։ 2019-ին Ուկրաինայի նոր նախագահ Զելենսկին վերադարձրեց նրան քաղաքացիությունը։

Սաակաշվիլին բազմիցս է ասել, որ չի ճանաչում Վրաստանի իշխանությունների լեգիտիմությունը և պատրաստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

2018-ի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով:

Հասկանալի չէ, թե ինչպես է Սաակաշվիլին պատրաստվում հայրենիք վերադառնալ՝ հաշվի առնելով պանդեմիայի պատճառով մուտքի սահմանափակումները Վրաստանի քաղաքացի չհանդիսացողների համար, և մասնակցել ընտրություններին՝ խուսափելով դատական հետապնդումից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---