29 օգոստոսի 2020 - 10:25 AMT
Երևանի դպրոցների ուսուցիչներն ուստարվան ընդառաջ կթեստավորեն

Նոր ուսումնական տարում դպրոցներ համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։ Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն:

Այդ մասին ասվել է Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ կայացած հատուկ խորհրդակցության ժամանակ։

Ուսուցիչների թեստավորման շնորհիվ կբացառվի այս պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Թեստավորման վայրի և ժամկետի մասին կհայտարարվի լրացուցիչ։

Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը:

Դպրոցների բուժկետերը կապահովվեն անհրաժեշտ դեղորայքով, բուժքույրերն էլ կվերապատրաստվեն և կաշխատեն փոփոխված ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար դասապրոցեսը կսկվի սեպտեմբերի 1-ից:

Սեպտեմբերին դպրոցներում մեկնարկող դասերին ուսանողներն ու աշակերտները կներկայանան դիմակներով։ Դպրոցները կապահովվեն ախտահանիչ միջոցներով։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։