29 օգոստոսի 2020 - 12:07 AMT
Երևանում փլուզված շենքի բնակիչը հիվանդանոցում մահացել է

Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Ռայնիսի փողոցում փլուզված շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին` շենքում պայթյունի արդյունքում փլուզումից հետո։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները` օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նա ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքի։

Օգոստոսի 26-ի վաղ առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել։ Մասնակի փլուզվել է 12 բնակարան։ Փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, նրանք հոսպիտալացվել են։ Մոտ 5 ժամ որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։