29 օգոստոսի 2020 - 13:06 AMT
Ժամկետային զինծառայությունից ազատելու մեջ կասկածվողներ են ձերբակալվել

Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկու անձ ձերբակալվել է՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով, ևս մեկ անձ էլ՝ կաշառք տալու կասկածանքով։

Ըստ քրեական գործի՝ 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կաշառք տալը, պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով) նախատեսված հանցագործություն կատարելու համար, ձերբակալվել է երկու անձ:

Եվս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: