Հայրապետյան․ Համախոհներիս ու ազնիվ երկրպագուներին կոչ եմ անում աջակցել Մխիթարյանին

Հայրապետյան․ Համախոհներիս ու ազնիվ երկրպագուներին կոչ եմ անում աջակցել Մխիթարյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել իր համախոհներին և «հայկական ֆուտբոլի բոլոր ազնիվ երկրպագուներին» աջակցել հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Հայրապետյանը գրել է, որ ինքը զայրույթով ու ափսոսանքով է հետևում Մխիթարյանի՝ ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմիանալու շուրջ քննարկումներին:

«Բանը հասել է նրան, որ հայկական ֆուտբոլի և ողջ հայության պարծանքի հասցեին գրվում են վիրավորական ու զրպարտիչ մեկնաբանություններ, հնչեցվում են նրա կողմից մեր ֆուտբոլին ու մեր հայրենիքին մատուցած ծառայությունների անուրանալի մեծ դերակատարությունը նսեմացնող հայտարարություններ: Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին, կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ Մխիթրայանի որոշման պատճառն իր կամ մյուսների հետ լավ ու վատ հարաբերությունները չեն։

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ 2020-ի մայիսին հետախուզում էր հայտարարվել, օգոստոսին ՌԴ իրավապահ մարմիններն իրենց տարածքում դադարեցրել էին հետախուզումը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Հայրապետյանը 2003-ից ՌԴ քաղաքացի է: Նա մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար, և երկրորդ գործով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները չարաշահելու համար:

Վերջին քրգործը վերաբերվում է հենց ֆեդերացիային․ ըստ ոստիկանության, Հայրապետյանը բարդ սխեմայով 800 մլն դրամ արժողությամբ հողակտորն ապօրինի սեփականաշնորհել է մի քանի անգամ էժան գնով։ Ըստ մեկ այլ գործի, 2012-2018-ին, զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Հայրապետյանը նաև մեղադրվում է ՀՖՖ-ից 18 մլն դրամից ավելի գումար հափշտակելու մեջ։

Օգոստոսի 27-ին հայտարարվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտնել է, որ Մխիթարյանն իր հետ զրույցում ասել է, թե լավ մարզավիճակում չէ։Այս շրջանում Մխիթրայանի՝ հավաքականի հանդիպմանը չմասնակցելու որոշումը մեկնաբանում էին ՀՖՖ ներկայիս ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտներով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---