Բացօթյա բարեգործական համերգ Երևանում՝ ի աջակցություն Բեյրութի

Բացօթյա բարեգործական համերգ Երևանում՝ ի աջակցություն Բեյրութի

PanARMENIAN.Net - Գրեթե հինգ ամիս դադարից հետո Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն՝ բացօթյա բարեգործական համերգ՝ ի աջակցություն Բեյրութի։

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի այգում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը:

Այս միջոցառմամբ մշակութային զորակցություն կցուցաբերվի վերջերս տուժած Բեյրութին: Տոմսերից հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկանգնմանը: Հավաքված գումարը ՀԲԸՄ-ն կկրկնապատկի:

Վերդիի ամենահայտնի փարիզյան այս սիրո պատմության գլխավոր հերոսներն են միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):

Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացվի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Տեղերը խիստ սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 15 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---