Ծառատունկ Կողբում՝ առցանց ամրագրված տնկիներով․ Հասույթը կուղղվի Թումոյի շինարարությանը

Ծառատունկ Կողբում՝ առցանց ամրագրված տնկիներով․ Հասույթը կուղղվի Թումոյի շինարարությանը

PanARMENIAN.Net - «Կողբ» հիմնադրամի կայքում արդեն գործում է հատուկ հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ամրագրել իր անվանական ծառը և մասնակցել 2020-ի նոյեմբերին կայանալիք ծառատունկին։ Հարթակը հնարավորություն է տալիս սխեմատիկ քարտեզի վրա ընտրել և ամրագրել 13 տեսակի 7000 ծառից՝ ցանկացած քանակի և արժողության, որից հետո կատարել առցանց վճարում։

Հավաքագրված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Կողբ սահմանամերձ համայնքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Անվանական ծառերը նախապես ամրագրած քաղաքացիները կարող են անձամբ մասնակցել ծառատունկին և տնկել դրանք։

Ծառերը տնկվելու են Տավուշի մարզի Կողբ համայնքում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում՝ 5 հա-ից ավելի տարածքի վրա։ Ծառատունկից հետո հիմնադրամը կապահովի նաև տարածքի պահպանությունն ու սպասարկումը։

Թումոյի կառուցումը Կողբում իրականացվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Նախկինում իրականացրած դրամահավաքների շնորհիվ արդեն ավարտին են մոտենում շենքի բետոնային աշխատանքները։ Կենտրոնից անվճար կօգտվի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Նոյեմբերյան, Բերդավան և այլ քաղաքներում ու գյուղերում բնակվող 1000-ից ավելի պատանի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---