Ոստիկաններին քաշքշած եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

Ոստիկաններին քաշքշած եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, եղբայրներ Գոռ և Էդգար Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրանց փաստաբան Գոռ Միքայելյանը։

«2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին (փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին)»,-ասվում է գրառման մեջ։

Փաստաբանը նաև հրապարակել է Մալաքյանների լուսանկարներից մի քանիսը։

«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները: Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրին կալանավորելու համար:

Հ.Գ. Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին», - գրել է Միքայելյանը։

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է, որ օգոստոսի 30-ին` ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---