ԱՄՆ-ն հրաժարվում է մասնակցել ԱՀԿ-ի նախաձեռնած` Covid-19-ի պատվաստանյութերի խթանման ծրագրին

ԱՄՆ-ն հրաժարվում է մասնակցել ԱՀԿ-ի նախաձեռնած` Covid-19-ի պատվաստանյութերի խթանման ծրագրին

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները չի մասնակցի կորոնավիրուսի պատվաստանյութ մշակելու և տարածելու միջազգային համատեղ ջանքերին, քանի որ դրա նախաձեռնողն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, որի հետ հարաբերությունները երկիրը խզել է։

Որոշումն ԱՄՆ-ին կմեկուսացնի ավելի քան 170 երկրից, որոնք մասնակցում են COVAX նախաձեռնությանը՝ ուղղված աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունն ապահովելուն։

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավել միջազգային գործընկերներին վիրուսի դեմ պայքարում, բայց չի աջակցելու Չինաստանի և «կոռումպացված ԱՀԿ-ի» ազդեցության տակ գտնվող ծրագրերին։

2020-ի մայիսին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ԱՀԿ-ին 30 օր է տալիս բարեփոխումներ իրականացնելու համար, այլապես ամբողջությամբ կդադարեցնի կազմակերպության ֆինանսավորումը։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ԱՀԿ-ն հրաժարվել է բարեփոխումներից, և ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները կազմակերպության հետ։

Թրամփն ԱՀԿ-ին մեղադրում է կորոնավիրուսին ժամանակին պատշաճ չարձագանքելու, վիրուսի տարածման մասին Չինաստանի տվյալները կոծկելու և Պեկինից կախվածություն ունենալու մեջ։

Ավելի ուշ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կապերը խզելու մասին ծանուցումն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Այդ գործընթացը տևում է մոտ մեկ տարի, այնպես որ այն ուժի մեջ կմտնի ոչ վաղ, քան 2021-ի հուլիսին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---