ԱՄՆ-ում ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս ևս մեկ սևամորթ է մահացել

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս ևս մեկ սևամորթ է մահացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում շնչահեղձությունից մահացել է 41-ամայ սևամորթ Դենիել Փրյուդը՝ բերման ենթարկելիս ոստիկանները նրա գլխին մանր ցանցավոր պարկ են հագցրել, որը նախատեսված է մարդուն թքելու և կծելու հնարավորությունից զրկելու համար։

Նրան պառկեցրել են գետնին՝ դեմքով ներքև, և 2 րոպե պահել այդ վիճակում, գրում է BBC-ն։

Փրյուդը կորցրել է գիտակցությունը, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն մեկ շաբաթ անց ստիպված են եղել անջատել կենսապահովման սարքից։

Ըստ բժշկական եզրակացության՝ մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը, որը խորացել է օրգանիզմում ուժեղ հալյուցինոգեն PCP թմրանյութի առկայության պատճառով։

Միջադեպը տեղի է ունեցել Ռոչեսթր քաղաքում դեռևս մարտի 23-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա, քանի որ զոհվածի հարազատների փաստաբաններին ժամանակ էր հարկավոր ոստիկանական տեսագրությունը ստանալու համար։ Ըստ դրա կարելի է դատել, որ Փրյուդը վտանգ չէր ներկայացնում իրավապահների համար։

Փրյուդը որպես բանվոր էր աշխատում պահեստում և 5 երեխա ուներ։ Նա Չիկագոյից էր, իսկ Ռոչեսթրում ավագ եղբորն էր տեսակցում։ Եղբայրը մամուլի ասուլիսում պատմել է, որ Փրյուդը հոգեկան խնդիրներ ուներ և մարտի 3-ին նա ինքն է ոստիկանություն կանչել, քանի որ Դենիելի մոտ հերթական սրումն էր գրանցվել։

Ոստիկաններից մեկի մարմնին ամրագրված տեսախցիկի տեսագրության վրա երևում է, որ Փրյուդը մերկ վազում էր փողոցով թեթև ձյան տակ։ Երբ եկել է ոստիկանությունը, նա անհապաղ ենթարկվել է պահանջներին։

Սակայն, հետո նա գրգռվել է և սկսել հայհոյել ու թքել, թեև իրական ֆիզիկական դիմադրություն չի ցուցաբերել։ Հետո Փրյուդն ասել է ոստիկաններին, որ կորոնավիրուսով է վարակված, որից հետո նրա գլխին պարկ են հագցրել։

Ոստիկանների ձեռքից ևս մեկ աֆրոամերիկացու մահվան մասին լուրը հայտնվեց համազգային բանավեճի ֆոնին՝ Մինեապոլիսում սևամորթներ Ջորջ Ֆլոյդի, և Վիսկոնսինում ծանր վիրավորված Ջեյքոբ Բլեյքի դեպքերի շուրջ։ Այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ում հանրահավաքներ և անկարգություններ սկսվեցին և #Blacklivesmatter շարժումը։

Photo. Reuters/Scanpix
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---