Ինքնաթոր օղիով թունավորման գործով մեղադրյալի վիճակը կտրուկ վատացել է․ Նա հիվանդանոցում է

Ինքնաթոր օղիով թունավորման գործով մեղադրյալի վիճակը կտրուկ վատացել է․ Նա հիվանդանոցում է

PanARMENIAN.Net - Արմավիրի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունը սեպտեմբերի լույս 4-ի գիշերը հետաձգվել է. ժամը 3-ի սահմաններում՝ նիստը վերսկսելուց կարճ ժամանակ անց, 50-ամյա Հովսեփյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանն ասել է, որ տեղի ունեցածը հավանաբար նրա սթրեսային վիճակից է. «Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի, շաքարի թիվը շատ բարձր է։ Երևի այդ չքնած, սթրեսային վիճակից ընկել է ցնցումների մեջ՝ դողում էր, ծայրահեղ վատացավ, պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց»:

Ըստ պաշտպանի՝ այդ պահին գիտակցությունը մթագնած էր, հետո, ինչպես հարազատներն են նրան տեղեկացրել, ներարկումների արդյունքում գիտակցությունը վերականգնվել է, շնչում է ինքնուրույն։

Գևորգյանի խոսքով՝ վիճակը բարելավվելու դեպքում դատարանին կտեղեկացնեն, որպեսզի նիստ նշանակվի, և շարունակվի միջնորդության քննությունը:

Հովսեփյանը ցուցմունք տալիս նշել է, որ ցորենի սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է մաքուր ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում: Այն անձը, որից Հովսեփյանը գնել է սպիրտը, իր հերթին մեկ ուրիշից է այն գնած եղել: Գործով ձերբակալված է 3 անձ։

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան: Նա ձերբակալվել էր օգոստոսի 31-ի կեսգիշերն անց, ուստի ձերբակալման 72 ժամը սեպտեմբերի լույս 4-ի գիշերը լրացել է. փաստացի նա ազատ է արձակվել արգելանքից:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում ալկոհոլից թունավորման 38 դեպք է գրանցվել. 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Նրանցից 14-ը մահացել են։ Պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուրը մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումն է։

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները