5 սեպտեմբերի 2020 - 12:16 AMT
Արցախում Covid-19-ի 2 նոր դեպք կա ու նոր օջախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 1-ը նոր օջախ է, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ. մյուսը Ստեփանակերտ քաղաքից է, ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 11,661 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ ԱՀ ոստիկանությունը տեղադրել է անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 2 դեպք է գրանցվել` հիվանդների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։