7 սեպտեմբերի 2020 - 10:57 AMT
Գազի արտահոսք և հրդեհ՝ բնակարանում․ Տուժած կա

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:10-ին, Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի 7-րդ հարկում հրդեհի բռնկմամբ գազի արտահոսքի մասին ահազանգ է ստացվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Արտահոսքը տեղի է ունեցել երեք կիլոգրամանոց գազի բալոնից։

Բնակիչ Հայկանուշ Ե․-ն (ծնված 1960 թ․) ձեռքերի և գլխի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Փրկարարները Հայկանուշ Ե․-ին մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և դուրս բերել այն բնակարանից։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Ջերմահարվել է միջանցքի պատը (3 քմ)։

Օգոստոսի 26-ին գազի արտահոսքից պայթյուն էր եղել Երևանի Ռայնիսի փողոցի 3 հասցեում, շենքը մասնակի փլուզվել է։2 մարդ է մահացել, 12 բնակարանի բնակիչ տարհանվել է։