7 սեպտեմբերի 2020 - 11:38 AMT
Բախում՝ Ամուլսարի պահնորդների ու բնապահպանների միջև․ Իրար մեղադրում են հարձակման մեջ

Ամուլսարի պահապանները հայտարարել են, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» կողմից ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա և ծեծել նրանց, իսկ ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիներն են քարերով հարձակվել պահնորդների վրա։

Սեպտեմբերի 7-ի գիշերն ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հայտնել է, որ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները ծեծել են Ամուլսարի պահապաններին, ոստիկանության աշխատակցի։ Ըստ Բունիաթյանի՝ «Լիդիանի» նոր պահնորդները հարձակվել են բնապահպանների վրա, երբ նրանք իրենց հերթափոխն իրականացնելիս են եղել։

Ընկերությունն էլ սեպտեմբերի 7-ի առավոտյան տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ Ընկերությունից նաև տեսանյութ են կցել ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

«Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքն օրենքի շրջանակում իրեն վերապահված լիազորությունների համաձայն և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգությանը»,- հայտարարել են ընկերությունից։

Օգոստոսի 4-ին բնապահպանները հայտնել էին, որ «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Մի քանի օր շարունակ բնապահպանները բողոքի ցույցեր էին անցկացնում Ջերմուկում, արդյունքում ոստիկանությունն ապամոնտաժել էր ընկերության տեղադրած վագոն-տնակը։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա շահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։