Առողջապահության նախկին փոխնախարարը կալանավորվել է․ 78 մլն դրամի յուրացման գործով 12 մեղադրյալ կա

Առողջապահության նախկին փոխնախարարը կալանավորվել է․ 78 մլն դրամի յուրացման գործով 12 մեղադրյալ կա

PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը կալանավորվել է որպես մեղադրյալ 78 մլն դրամի յուրացման գործով, հայտում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2019-ի մարտին Պողոսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների դեպքով։ Այդ ժամանակ Պողոսյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց` 5 մլն դրամի չափով։

Նշված քրգործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում՝ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի այն ժամանակվա տնօրեն Արմեն Հայրապետյանին, որն ազատ է արձակվել գրավի դիմաց։

2020-ի օգոստոսի Պողոսյանի մեղադրանքը լրացվել է ևս մի քանի հոդվածով` 2015-2016–ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2 դրվագով (հանցակից` պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացնելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը` ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, առանձնապես խոշոր չափերով)։

Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը յուրացրել է արտասահմանյան դրամաշնորհային մի շարք ծրագրերի գումարներ, որոնք ուղղված են եղել Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը։ Ընդհանուր առմամբ յուրացվել է մոտ 78 մլն դրամ, որից 58 մլն-ը գրպանել է Պողոսյանը, իսկ 20 մլն-ը «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմեն Հայրապետյանը։ Այս ամենի դիմաց Պողոսյանը Հայրապետյանից որպես կաշառք պահանջել է 17 մլն դրամ արժեցող ավտոմեքենա, յուրաքանչյուր ամիս էլ որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինի վառելիքի կտրոններ:

Բացի այդ, Պողոսյանը կազմակերպել է կենտրոնում երկու ձևական աշխատակցի գրանցում և գրպանել նրանց աշխատավարձերը` ընդհանուր 8 մլն դրամի։

Վահան Պողոսյանն առողջապահության փոխնախարար է նշանակվել 2011-ին, պաշտոնավարել է մինչև 2016-ն ու ազատվել իր դիմումի համաձայն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---